Սիրիայի ազգային հաշտեցման նախարար Ալի Հայդարը կարծում է, որ «Ժնև -2» խաղաղության կոնֆերանսը վերջ չի դնելու սիրիական ճգնաժամին:
«Ոչինչ մի ակնկալեք «Ժնևի-2»-ից: Ո՛չ «Ժնև -2»-ը, ո՛չ «Ժնև-3»-ը, ո՛չ «Ժնև-10»-ը, չեն կարգավորելու սիրիական ճգնաժամը»,- ասել է նա:
Քաղաքագետը հավելել է, որ հակամարտության կարգավորման գործընթացն արդեն սկսվել է, և այն կշարունակվի պետության ռազմական հաղթանակների, նրա տոկունության և համբերատարության շնորհիվ` ի դեմս իր թշնամիների, որոնք խաղաքարտի վրա են դրել երկրի պետականությունը և ամեն ինչ անում են` փլուզելու այն:
Հիշեցնենք` «Ժնև -2» միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենան հունվարի 22-ին, նվիրված է Սիրիայում իրավիճակը կարգավորելուն:
Նախատեսվում է, որ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն ինչպես Սիրիայի իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը: Եվ եթե առաջինները հաստատել են իրենց մասնակցությունը կայանալիք միջոցառմանը, ապա նրանց հակառակորդներն այդ հարցը դեռևս չեն էլ քննարկել իրենց շրջանակում:
Ընդ որում, Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը շարունակվում է գրեթե երեք տարի: Այս ընթացքում Բաշար Ասադի զորքերի և զինված ընդդիմության միջև բախումների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է զոհվել: Ժնևում կայանալիք խաղաղության կոնֆերանսը նպատակ ունի վերջ դնել արյունահեղությանը և Սիրիայի անցումային կառավարություն ձևավորել:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ